«Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության (Մեծ եղեռն) տարելիցը, որը բոլոր առումներով համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը», գրում է իտալացի լրագրող Էմանուել Կասսանոն East Journal պարբերականում:
«Հայոց ցեղասպանությունը զարգացել է երկու փուլով: Առաջին կոտորածը (1894-1897) կապված է սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ (կոտորածներն ստացել էին համիդյան ջարդեր անվանումը), ով ցանկանում էր խիստ հետապնդումներով պատժել ընդվզող ժողովրդին: Կոտորածի երկրորդ փուլը (1915-1923)` էլ ավելի մեծ ողբերգականությամբ, կապված է երիտթուրքերի հետ, ովքեր նպատակ էին դրել բնաջնջել երկրում ապրող հայ ժողովրդին:
Կոտորածների այս ծրագիրը նկարագրվել է տարբեր ժամանակներում՝ տարբեր անձանց կողմից, ինչպես օրինակ` Յեհուդա Բաուերն իր «Հոլոքոստի տեղը ժամանակակից պատմության մեջ» գրքում Հայոց ցեղասպանությունը նկարագրում է որպես շատ նման Հոլոքոստին, կամ լեհ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, որ հաստատել է, թե 1944-ին Հայոց հարցի մասին մտածելով է ստեղծել «ցեղասպանություն» տերմինը: 2005-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հաստատել է, որ Օսմանյան կայսրությունը սիստեմատիկ ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ:
Ճանաչման բանավեճը
Նա, ով կազմակերպել և իրականացրել է ցեղասպանությունը, նաև թաքցնում է ճշմարտությունը: Կոտորածների կանխամտածվածությունը ժխտելու համար թուրքերը հայերի զանգվածային տեղահանումը քողարկում են պատերազմի համատեքստում` թաքցնելու իրենց պաշտոնյաների պատասխանատվությունը:
Թուրքիան մշտապես հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` նվազեցնելով տեղի ունեցածի իրական պատկերն ու զոհերի թիվը: Այսօր թուրքական Քրեական օրենսգրքի 301 հոդվածով արգելվում է խոսել Ցեղասպանության մասին: Այս առումով պատասխանատվության է ենթարկվել Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը, ով հարցազրույցում հիշել է Ցեղասպանության մասին:
Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է արժենալ Թուրքիայի մուտքը Եվրամիություն, կարող է սպառնալ բանակցությունների ընթացքին, քանի որ մի շարք երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայում անգամ հերքումը քրեականացնող օրենք է գործում: Այժմ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել է 22 երկիր: